ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik.Հայաստանի հրեական համայնքը հայտնում է, որ Երևանում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը չի պղծվել։
«Մեզ հայտնի է դարձել սկանդալային «լրագրող» Արյե Գուտի հերթական զրպարտության մասին։ Նա կոպտորեն օգտագործել է ֆոտոշոպն ու պղծված ձևով ներկայացրել Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանը, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Այդ ակցիայի իրական պատճառն ակնհայտ է՝ սեպ խրել մեր ժողովուրդների միջև», - նշված է Sputnik Արմենիային տրամադրած հաղորդագրության մեջ։
Հրեական համայնքում կարծում են, որ Բաքվում ծնված իսրայելցի լրագրող Արյե Գուտը հերթական անգամ փորձել է սրել Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները։ Համայնքի ներկայացուցիչները հուսով են, որ սադրանքը պատշաճ իրավական գնահատականի կարժանանա ինչպես Իսրայելում, այնպես էլ Հրեական համաշխարհային վեհաժողովում ու Եվրասիական համաժողովում։
«Մենք` որպես Հայաստանի քաղաքացիներ, մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիայով։ Կարծում ենք, որ ագրեսիան անթույլատրելի է, միջպետական հակամարտություններն էլ պետք է լուծում ստանան բանակցային սեղանի շուրջ։ Մենք պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել Արյե Գուտին բազում սադրիչ հոդվածների համար, որոնք ազգամիջյան թշնամանք բորբոքելու փորձ են պարունակում։ Այստեղ հակասեմականություն չկա ու չի եղել», - նշած է հայտարարության մեջ։
Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանը Երևանում բացվել է 2006 թվականին։ Գտնվում է Տերյան-Մոսկովյան խաչմերուկում։ Հուշարձանի հեղինակը ճարտարապետ Ռուբեն Արուտչյանն է։
Հուշարձանը կազմված է բազալտե երկու կոթողներից, որոնք խորհրդանշում են հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերը։ Կոթողների վրա հայերեն ու եբրայերեն գրված է «Լինել, թե մոռանալ»։