ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Արցախից օգնության խմբաքանակ է ուղարկվել Լիբանան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։ Օդանավում դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Տուփերի վրա գրված է․ «Արցախի ժողովրդից Լիբանանին» և պատկերված են Արցախի ու Լիբանանի դրոշները։
Հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի մասին գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,- գրել է նա։
Հայաստանն արդեն մեկ օդանավ օգնություն ուղարկել է Լիբանան, ևս երկուսը կուղարկի։ Բեյրութ ուղևորվող երկրորդ և երրորդ ինքնաթիռներում արդեն կլինի հայ համայնքի համար նախատեսված օգնություն՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչը Հայաստանից խնդրել է լիբանանահայ համայնքը: Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Սարսափելի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։
Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։