Վլադիմիր Գասպարյանին կձերբակալե՞ն․ նրա տան մոտակայքում ոստիկաններ են հավաքվում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Գասպարյանի տնից ուղիղ եթեր է մտել և ասում է, որ սպասում են ոստիկանների ժամանմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին պատրաստվում են ձերբակալել։
«Վ. Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար», - գրել է նա։


Քիչ անց Աթանեսյանը Գասպարյանի տնից ուղիղ եթեր է մտել և ասել, որ սպասում են ոստիկանների ժամանմանը։

Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։