ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik.Հայաստանից մարդասիրական օգնության առաջին օդանավը հասավ Լիբանան: Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Եղբայրական Լիբանանին Հայաստանից ուղարկվելիք երեք օդանավերից առաջինը տեղ հասավ։ Հայաստանից բաց սրտով՝ Բեյրութին»,- գրել է նախարարը:
Օդանավում բացառապես դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Հայաստանը ևս երկու օդանավ օգնություն կուղարկի Լիբանան։ Բեյրութ ուղևորվող երկրորդ և երրորդ ինքնաթիռներում արդեն կլինի հայ համայնքի համար նախատեսված օգնություն՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչ Հայաստանից խնդրել է լիբանանահայ համայնքը: Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Սարսափելի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։
Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60 անհետ կորած կա։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։