Բելառուսում նախագահական ընտրություններ են

Քվեաթերթիկում  նշված է 5 թեկնածուի անուն։  Ձայների հաշվարկը կմեկնարկի ընտրատեղամասերը փակելուց հետո, իսկ ընտրությունների նախնական  արդյունքները ԿԸՀ–ն կհայտարարի արդեն երկուշաբթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik.  Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Լուրը հայտնում է Sputnik Բելառուսը։

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հեռանում է Հայաստանից

Այսօր՝ օգոստոսի 9-ին անցկացվում է հիմնական քվեարկությունը։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 4-ից քաղաքացիները կարող էին քվեարկել արտահերթ։

ԿԸՀ–ի վերջին տվյալներով (07.08.2020 դրությամբ)` ընտրողների մասնակցությունն արդեն 32,24% է։

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00–ին և կաշխատեն մինչև 20:00-ն, որից հետո կմեկնարկի քվեների հաշվարկը։

Ընդհանուր առմամբ բացվել է 5767 ընտրատեղամաս, որոնցից 44–ն՝ արտերկրում, որոնք գործում են 36 երկրներում՝ Բելառուսի դեսպանատներում և գլխավոր հյուպատոսություններում։

Նախնական արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 10-ի առավոտյան։

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

Քվեացուցակում հինգ թեկնածուի անուն է նշված` Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի գործող նախագահ), Սվետլանա Տիխանովսկայա, Անդրեյ Դմիտրիև, Սերգեյ Չերեչնյա և Աննա Կանոպացկայա։ Քվեաթերթիկում կա նաև «բոլորին դեմ եմ» տարբերակը։

Հայաստանից ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են ԱԺ երկու պատգամավորներ` ռուսական համայնքն ու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Հայ խորհրդարանականները ներառվել են ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի առաքելության կազմում։

Նշենք, որ Բելառուսի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Այդպիսով՝ նախագահական հաջորդ ընտրությունները կանցկացվեն ոչ ուշ, քան 2025 թվականին։ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ղեկավարում է երկիրը 1994 թվականից, նախագահի ընտրությանը մասնակցում է 6-րդ անգամ։