Արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած 4071 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտից Հայաստանը փակել է սահմանները։ Անցած մի քանի ամիսների ընթացքում միայն չարտերային չվերթեր են իրականացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանից Ռուսաստան է վերադարձել արտակարգ դրության ռեժիմի պատճառով Հայաստանում մնացած 375 քաղաքացի, որոնք բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Վերջին` Երևան–Մոսկվա չվերթն իրականացվել է այսօր` օգոստոսի 8-ին։ Դեսպանատան տվյալներով` «NordStar» ավիաընկերության իրականացրած հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է վերադարձել ՌԴ 145 քաղաքացի։

Եվս 230 քաղաքացիներ Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ Ռուսաստան են մեկնել «Արմենիա» ավիաընկերության իրականացրած Երևան–Սոչի և Երևան– Դոնի Ռոստով չարտերային չվերթերով։

Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով` ՀՀ–ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ընդհանուր առմամբ այսօրինակ չվերթերով Հայաստանից ՌԴ է վերադարձել այդ երկրի 4071 քաղաքացի։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրներ փակեցին օդային և ցամաքային սահմանները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դեռ մարտին Հայաստանը ևս փակեց սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն այս ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, մի քանի տասնյակ չվերթեր են կայացել, որոնք հայրենիք են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին։

Մոսկվայից Երևան ևս մեկ չարտերային չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին