Փնտրվում է թարմ թեկնածու. ի՞նչ կլինի, եթե ԱԺ–ն նորից մերժի Սարգսյանի թեկնածուին

ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրմամբ սահմանադրական ճգնաժամը ոչ թե ավարտվում, այլ միայն նոր փուլ է մտնում։ Թե ինչ նոր զարգացումներ կարող են լինել թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու պարագայում, Sputnik Արմենիան փորձել է պարզել փորձագետների տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այն, ինչ կատարվել ու այսօր էլ կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ, սկզբից մինչև վերջ անօրինականություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՍԴ դատավորների պաշտոնանկության ու նոր թեկնածուների առաջադրման գործընթացը, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

«Վիրավորանքներ վարչապետի շուրթերով` ՍԴ նախագահի և ՍԴ–ի նկատմամբ, ահաբեկումներ, քրեական գործերի հարուցում ՍԴ նախագահի մտերիմների, ազգականների նկատմամբ. այսպիսի ճնշումներ և այն էլ բացահայտ ճնշումներ ես ՀՀ պատմության մեջ չեմ հիշում։ Հետագայում սկսեցին տարբեր օրենքներ ընդունել` վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքը, Սահմանադրությունը ոտնահարելով` հանրաքվե անելու մասին օրենքը, հետո էլ այդ չարաբաստիկ օրենքը, որով դադարեցվեցին ՍԴ 3 դատավորների լիազորությունները»,– ասաց Իշխանյանը։

Արդյունքում ՍԴ–ում առաջացավ դատավորի 3 թափուր պաշտոն, ու քաղաքական ինտրիգն այժմ ծավալվում է այս պաշտոնների համար առաջադրված թեկնածուների շուրջ։

Իշխանյանն առաջադրված թեկնածուներին անձամբ չի ճանաչում, բայց կարծում է, որ իրեն ու իր մասնագիտությունը հարգող իրավաբանը կհրաժարվեր արհեստականորեն ստեղծված թափուր տեղերի համար առաջադրվելուց։

«Գոնե կարող էին համբերել մինչև ՄԻԵԴ–ի որոշումը` ՍԴ պաշտոնանկ արված անդամների գանգատի վերաբերյալ։ Գոնե մինչև այդ սպասեին, որովհետև եթե ՄԻԵԴ–ը որոշի, որ խախտում չի եղել, կարելի էր ասել` խնդրեմ, ՄԻԵԴ–ն է որոշել, և մենք արդեն առաջադրվում ենք»,– ասաց Իշխանյանը, բայց նաև ավելացրեց, որ տեղի ունեցածն իր համար անսպասելի չէր, քանի որ ինքը հայաստանյան գործիչների սկզբունքայնության նկատմամբ լուրջ կասկածներ ունի։

Ինչ վերաբերում է արդեն առաջադրված թեկնածուներին, ապա Իշխանյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրի առաջադրումից հետո հրապարակ նետվեցին անցյալի մասին բոլոր լավ ու վատ փաստերը։ Կառավարության առաջադրած թեկնածուին հիշեցրին, որ նրա հայրը «Մարտի 1»-ի գործով դատավոր է եղել, Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանին հիշեցրին իր նախկին դատավարությունների որոշ դրվագներ։

«Այս քննարկումն ինձ հիշեցնում է խորհրդային 30-ական թվականները, երբ որևէ պաշտոնի հավակնելիս կամ վախից մարդիկ իրենց կենսագրությունը փոխում էին ու ներկայանում էին որպես բանվորական կամ գյուղացիական ընտանիքից սերած»,– ասաց Իշխանյանը։

Բայց ամենից շատ, նրա խոսքով, իրեն հիասթափեցրել է ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն, որը մեկ անգամ արդեն առաջադրվել էր ու ԱԺ–ից մերժում ստացել։

ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում

«Բոլորս հիշում ենք, թե մեկ անգամ նրա նկատմամբ ինչպիսի ինկվիզիցիա տեղի ունեցավ ԱԺ–ում։ Եվ այդ ինկվիզիցիայից հետո երկրորդ անգամ գնալ այդ նույն դահլիճն ու նորից ենթարկվել ինկվիզիցիայի, ես ուղղակի զարմանում են այդ մարդու արժանապատվության վրա, որին չեմ ճանաչում»,– ասաց Իշխանյանը։

Սահմանադրական փոփոխությունների ու ՍԴ–ի շուրջ տեղի ունեցող ողջ գործընթացը իշխանությունները մեկնաբանում են ՀՀ–ում առկա սահմանադրական ճգնաժամի լուծման անհրաժեշտությամբ։ Իշխանյանի դիտարկմամբ, սակայն, ճգնաժամ իրականում չկար, այն ստեղծվեց միայն իշխանության ձեռնարկած քայլերից ու միջամտություններից հետո։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Էդգար Շաթիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ձեռնպահ մնաց առկա իրավիճակը «ճգնաժամ» կոչելուց, բայց և չհերքեց, որ ՍԴ–ի շուրջ խնդիր կա։

Ինչ վերաբերում է իշխանության կատարած քայլերին, դրանք Շաթիրյանը դիտարկում է խնդիրը լուծելու ցանկության համատեքստում։

«Իհարկե, հետագայում էլ` երեք դատավորների ընտրությունից հետո, եթե երեքն էլ բարեհաջող ընտրվեն, կարող են լինել խոսակցություններ` ինչպես մասամբ հիմնավոր, այնպես էլ հիմնազուրկ` առ այն, որ նախկին դատավորները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցով։ Եվ այս առումով կարող են լինել խոսակցություններ, որ քանի դեռ ՄԻԵԴ ակտն առկա չէ, այս ամբողջ գործընթացը չի տեղավորվում սահմանադրականության շրջանակներում, ոչ լեգիտիմ է ու ոչ սահմանադրական։ Բաց սա ընդամենը մոտեցում է, ոչ ավելին»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` երկրորդ անգամ առաջադրած նույն թեկնածուին, Շաթիրյանը նշեց, որ երկրորդ անգամ առաջադրելու որևէ իրավական արգելք գոյություն չունի։

«Այստեղ հարցը ոչ միայն իրավական, այլև այլ տիրույթներում է, բայց ես ձեռնպահ կմնամ հարցի շերտերի հետ կապված գնահատականներ տալուց։ Խնդիրն առաջադրողի ու առաջադրվողի դաշտում է։ Առաջադրվողի` մեկ անգամ մերժվելուց հետո որքանով է նպատակահարմար և տրամաբանական կրկին համաձայնություն տալ առաջադրվել նույն պաշտոնում, և առաջադրողի` որքանով է նպատակահարմար ու տրամաբանական մեկ անգամ մերժված անձին կրկին առաջադրել»,– ասաց Շաթիրյանը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունն արդեն ակնարկել է, որ չի պատրաստվում այս անգամ ընտրել նախկինում մերժած թեկնածուին։ Այնպես որ չի բացառվում, որ Արմեն Սարգսյանը դարձյալ ստիպված կլինի ՍԴ անդամի թեկնածու առաջադրել։ Բանն այն է, որ անկախ մյուս երկու թեկնածուների ընտրության արդյունքներից, երրորդ թեկնածուն պետք է լինի ՀՀ նախագահի առաջադրված անձը։

«Օրենքի և Սահմանադրության տրամաբանությունն այնպիսին է, որ ՍԴ 9 դատավորներից 3-ական անդամ պետք է առաջադրեն կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը, և այս առումով համաչափության խախտում չպիտի տեղի ունենա։ Այսինքն` մի սուբյեկտ հնարավորություն չստանա առաջադրելու ավելի շատ թեկնածուներ, քան մյուսները»,– օրենքի տրամաբանությունն այսպես մեկնաբանեց Շաթիրյանը։

Այնուամենայնիվ արձանագրենք, որ անկախ քաղաքական ու իրավական շրջանակների դիրքորոշումից, սահմանադրական փոփոխություններն արդեն իրողություն են։

Դրանք հունիսի 26-ից ուժի մեջ են։ ՍԴ 3 դատավորներն արդեն ուղարկվել են թոշակի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ արդեն ՍԴ շարքային դատավոր է։

ՍԴ դատավորի թեկնածուն Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը կառավարողի որդին է. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը թափուր մնացած 3 պաշտոնների համար ներկայացրել են իրենց թեկնածուներին, այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրության 213–րդ հոդվածը։

ՍԴ նոր անդամների թեկնածուների ընտրությունն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդեն ԱԺ աշնանային նստաշրջանում` սեպտեմբերին։

ՍԴ նոր անդամներն ընտրվելու են 12 տարի պաշտոնավարման ժամկետով։ Բոլոր դատավորների թափուր տեղերի համալրումից հետո նրանք իրենց շարքերից կընտրեն ՍԴ նոր նախագահին, որը կպաշտոնավարի 6 տարի` առանց վերընտրվելու իրավունքի։

Հիշեցնենք` ՍԴ անդամների թափուր տեղերի համար ՀՀ կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։