ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի արտոնություն է տվել Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցման համար

Կայանքի գործարկումը նախատեսված է 2021 թվականին: Շինարարական աշխատանքները չեն ընդհատվել նույնիսկ համավարակի ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար: Իսկ նախագծի իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվելու է շուրջ 270 միլիոն դոլար: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նախագիծն իրականացնող «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնե Ջիովաննինին կառավարության լրատվական ծառայությանը հայտնել է, որ սա Հայաստանում իրականացվող իրենց ամենամեծ ներդրումն է։

«ՋԷԿ-ում արտադրվելու է շոգեգազային ցիկլով էլեկտրաէներգիա։ Շինարարությունը սկսվել է 2019 թվականի ամռանը։ Նոր ՋԷԿ-ը լինելու է 254 ՄՎտ հզորությամբ աշխատող կայան, որն ամբողջ աշխարհում կունենա ամենաբարձր ՕԳԳ՝ մոտ 54 տոկոս։ Բարձր ՕԳԳ-ն Հայաստանին կտա միանգամից 2 առավելություն՝ կայանի շահագործման ժամանակ էկոլոգիայի վրա բացասական ազդեցությունը շատ ցածր է լինելու, ինչպես նաև հնարավոր կլինի ստանալ էժան հոսանք»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ մինչ այժմ նախագծի վրա ներդրվել է շուրջ 130 մլն դոլար։ Գումարի շրջանակներում ներառված է նաև հիմնական սարքավորումների մի մասը, որն արդեն ձեռք է բերվել, սպասում են տեղ հասնելուն։ Իրականացվել է շինարարության չերևացող, բայց ամենակարևոր մասը: Կառույցի հիմքի շինարարության համար շուրջ 15 խմ բետոն է օգտագործվել:

«Սարքավորումների ներմուծման ժամանակ մենք դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ մաքսային արտոնություն ստանալու հայտով։ Այս փուլում ստացել ենք 2,8 մլն դոլարի արտոնություն՝ մոտ 25 մլն դոլար սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասել է Ջիովաննինին:

Նոր ՋԷԿ-ը կառուցվում է Երևանի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ: Ներդրողների հավաստմամբ` այն թույլ կտա ստանալ Հայաստանում արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան:

Շինարարությունում ներկա պահին աշխատում է 500 մարդ, 95 տոկոսը՝ տեղացիներ:

Կայանքի գործարկումը նախատեսված է 2021 թվականին: Շինարարական աշխատանքները չեն ընդհատվել նույնիսկ համավարակի ընթացքում:

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞