ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանից Բեյրութ ուղարկվող մարդասիրական 3 ինքնաթիռներից առաջինը, որ քիչ առաջ Երևանի օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ, տանում է բացառապես դեղորայք ու բժշկական ապրանքներ: Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Սա այն է, ինչ մեզանից ուզել է Լիբանանի կառավարությունը,- ասաց նա,- մենք շատ նրբանկատ գտնվելով, հենց մեր համայնքի շահերից ելնելով՝ բեռը տանում ենք հենց Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս առանձին հայ համայնքին և ոչ թե Լիբանանին»:
Սինանյանը նաև տեղեկացրեց, որ Բեյրութ ուղևորվող երկրորդ և երրորդ ինքնաթիռներում արդեն կլինի առանձին հայ համայնքի համար նախատեսված օգնություն՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչ Հայաստանից խնդրել է լիբանանահայ համայնքը:
Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:
«Շատ կարևոր ենք համարում, որ լիբանանյան ժողովուրդը հասկանա, թե մենք որքան ենք գնահատում այն կարևոր դերը, որ նրանք ունեցել են մեր հայրենակիցների համար՝ Հայոց ցեղասպանությունից հետո թույլատրելով բնակություն հաստատել ու բարգավաճել այնտեղ»,- ասաց Սինանյանը:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Սարսափելի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։
Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60 անհետ կորած կա։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։
ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը