ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բեյրութում հակակառավարական ցույցի մասնակիցները գրոհել են Լիբանանի էկոնոմիկայի նախարարության շենքը։ Տեղեկությունը հայտնում է MTV լիբանանյան հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հավաքված ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք։ Նրանց ձեռքերում հետևյալ բովանդակությամբ պաստառներ են` «Բեյրութը՝ ապառազմականացված քաղաք» և «Հեղափոխության մայրաքաղաք»։
Հիշեցնենք` այսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` Լիբանանի կառավարության հրաժարականի ու երկրում հանրաքվե անցկացնելու պահանջով։ Հակաիշխանական հանրահավաքը զանգվածային անկարգության է վերածվել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ու փորձել են մարդկանց հեռու պահել խորհրդարանի շենքից։ Հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել նրանց վրա։
Անկարգությունների հետևանքով 172 մարդ է տուժել, նրանցից 55-ը հոսպիտալացվել են։