Բեյրութի պայթյունից հետո Թուրքիան Լիբանանին առաջարկել է օգտագործել իր Մերսին նավահանգիստը

Թուրքիան պատրաստ է Լիբանանին պարենային ու բժշկական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Բեյրութի նավահանգստի շինությունների ու ենթակառուցվածքների վերականգնման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik․ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Լիբանան կատարած այցի ընթացքում երկրի իշխանությանն առաջարկել է Բեյրութի պայթյունի հետևանքների վերացման ընթացքում օգտվել Միջերկրական ծովում գտնվող թուրքական Մերսին նավահանգստից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV–ին։

Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար

«Մենք մեր առաջարկները փոխանցել ենք լիբանանյան կողմին։ Մասնավորապես պատրաստ ենք Լիբանանին տրամադրել Մերսին նավահանգիստը մինչև իրենց սեփական նավահանգիստը վերականգնվի։ Երբ ապրանքները հասնեն Մերսին, դրանք կարելի է փոքր նավերով հասցնել Լիբանան», - ասել է Օքթայը։

Բացի այդ, փոխնախագահի խոսքով, Թուրքիան պատրաստ է Լիբանանին պարենային ու բժշկական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Բեյրութի նավահանգստի շինությունների ու ենթակառուցվածքների վերականգնման հարցում։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 154 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2750 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Աղետալի պայթյունի զոհ է դարձել 13 հայ։

Բեյրութի պայթյունի հետևանքով մոտ 300 հայ է վիրավորվել