ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանն իր աշխատասենյակում «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք է հայտնաբերել։
«ԱԱԾ վաղեմի աշխատակիցը խիստ վրդովվել է, մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է՝ կա՛մ պետք է դատարանի որոշում ցույց տաք, որով գաղտնալսում եք ինձ, կա՛մ եթե չկա նման որոշում, ուրեմն կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա գաղտնի ծառայություններ են ներխուժել ԱԱԾ շենք և գաղտնալսում են տնօրենի տեղակալին»,– գրում է թերթը։
Միջադեպն ԱԱԾ պատերի ներսում կոծկելու համար, ըստ թերթի, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը «լեզու է գտել» Հակոբյանի հետ. որոշել են, որ քրեական գործ չի հարուցվում, նրան հանգիստ են թողնում, Հակոբյանը գնում է արձակուրդ, կրքերը հանդարտվում են, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո գեներալը գնում է կենսաթոշակի, որովհետեւ 29-ամյա այս երիտասարդի հետ աշխատել ուղղակի «հնարավոր չէ»։
Ի դեպ, գեներալ Արամ Հակոբյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի եղբայրն է։ «Հրապարակը» դիմել է նախկին պատգամավորին` եղբոր հարցով մեկնաբանություն ստանալու, սակայն նա կտրականապես հրաժարվել է խոսել։ Հարցին՝ ճի՞շտ է, որ արձակուրդից հետո իր եղբայրը «վաստակած հանգստի» է մեկնելու, Հակոբյանն ասել է. «Փաստորեն, դուք ամեն ինչ էլ գիտեք, ինձ հարցեր մի տվեք»։
Նշենք, որ ըստ «Հրապարակի»` այս միջադեպը տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ ԱԱԾ–ում քրեական գործ հարուցելու փորձերի շրջանակում։
Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է
Թերթի պնդմամբ` ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանը փորձել է այս կերպ ճնշում գործադրել Արամ Հակոբյանի վրա` ստիպելով նրան ցուցմունք տալ նախկին ղեկավարի դեմ։ Բայց չի հաջողել։
Մինչ այդ ԱԱԾ-ում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էր ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը։ Ըստ «Հրապարակի»` նրանից փորձել էին ցուցմունքներ կորզել, որ զինապահեստում եղած «ապօրինի զենքի» որոշ նմուշներ «պատկանում են» Արթուր Վանեցյանին։
«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան
Բայց քանի որ ԱԱԾ-ում միշտ եղել է հաշվառված, բայց անհայտ ծագումնաբանությամբ զենք, որն օգտագործվել է տարբեր նպատակների համար, ԱԱԾ հին աշխատակիցները, այդ թվում՝ սպառազինության բաժնի պետը, նման ցուցմունք չեն տվել։
Վանեցյանն աշխատանքի է վերականգնել տարիքը լրացած փոխգնդապետին ու բարձրացրել կոչումը. ԱԱԾ