Վլադիմիր Վարդանյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ նա չի կարողացել լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարաբերությունները թիմակիցների հետ այդքան էլ հարթ չեն։

Հայտնի է` ով ժամանակավորապես կփոխարինի Հրայր Թովմասյանին

«Վլադիմիր Վարդանյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքն արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ»,-գրում է թերթը։

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ:

Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնեն Հրայր Թովմասյանին առնչվող սահմանադրական փոփոխությունները

Վլադիմիր Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է նման խնդրի առկայությունը։

«Բացարձակապես որևէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք և՛ արդարադատության նախարարի և՛ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում»,-ասել է Վարդանյանը:

Հիշեցնենք՝ 2013-2016թթ. Վարդանյանը եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական, 2018թ. ապրիլից մինչև 2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ. Փաշինյան