ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին։
Թերթը հիշեցնում է, որ առաջին գործով, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Վանեցյանը չարաշահել էր պաշտոնական լիազորություններն ու 51-ամյա ԱԱԾ նախկին ծառայողին պաշտոնի նշանակել:
«Սրա հետ կապված իրենք ծառայողական քննություն են սկսել։ Սակայն ընթացքում հավանաբար հասկացել էին, որ այս մեղադրանքը հեռանկար չունի, երկրորդին էին ձեռնամուխ եղել՝ իբրև թե ԱԱԾ զինանոցում «ապօրինի» զենքեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են Վանեցյանին»,– գրում է «Հրապարակը»` հավելելով, որ այդ գործով ձերբակալվել էր ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը՝ նախկին ազատամարտիկ, 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմի դաշտ մեկնած 500 մահապարտներից մեկը։ Նրան մի քանի օր պահել էին մեկուսարանում, ճնշումներ գործադրել կնոջ նկատմամբ (որը նույնպես աշխատում է ԱԱԾ-ում), որ համոզի ամուսնուն՝ ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։
«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան
Թերթը հայտնում է, որ Արտակ Թորոսյանի հարևաններից մեկը զանգահարել է խմբագրություն ու որոշ մանրամասներ ներկայացրել այդ գործից։ Ըստ նրաԹորոսյանին ձերբակալելուց առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել նրա բնակարանում։
«Հավանաբար, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի և նրան հարկադրի ցուցմունք տալ ԱԱԾ նախկին պետի դեմ։ Մի ամբողջ գիշեր ԱԱԾ-ականներն իրենց գործընկերոջ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Իսկ նա երեք անչափահաս երեխաների հայր է, որոնցից երկուսը տասը տարեկան էլ չկան։ Երեխաները սարսափահար են եղել, ծանր սթրես տարել»,– գրում է թերթը։
Հոդվածագրի համոզմամբ, ԱԱԾ-ում հասկացել են, որ Արտակ Թորոսյանը պահանջված ցուցմունքները չի տալիս, սլաքներն ուղղել են ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ Վերջինը ԱԺ նախկին պատգամավոր, «Դիլիջան» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի եղբայրն է։
Այդուհանդերձ, ըստ «Հրապարակի», ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը`նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար։
«Եվ այդ ճանապարհին անգամ չի վախենում, որ Ազգային Անվտանգության ծառայությունում, որտեղ առանց այն էլ 29-ամյա, անհայտ գեներով երիտասարդին վատ են ընդունել, կարող են այլևս երբեք լուրջ չվերաբերվել»,– եզրակացնւմ է «Հրապարակը»։
Հիշեցնենք` Վանեցյանն ԱԱԾ–ից դուրս գալուց հետո ասել էր, որ իրեն հրավիրել էին «անհեթեթ» գործի շրջանակում, որով ինքը որևէ կարգավիճակ չունի։ Վանեցյանը շեշտել էր` քրեական գործ հարուցված չէ։
Ինչի համար է Վանեցյանն ԱԱԾ հրավիրվում. Արսեն Բաբայանը հրապարակել է ծանուցագիրը
ԱԱԾ նախկին տնօրենի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշել էր, թե այդ աշխատակցին վերականգնելու միջոցով շատ լուրջ գումարներ են վերականգնվել։