ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո Սենոր Հասրաթյանն իր զեկուցագրի համաձայն թողել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվել ՊԲ շարքերից: Տեղեկությունը նա հրապարակել է Facebook–ի իր էջում։
Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել. Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ալիևին
Նա նշել է, որ պաշտոնը հպարտությամբ է թողնում, քանի որ ծառայել է մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհին փառավոր հաղթանակներ է տարել և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
«Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում»,–գրել է Հասրաթյանը:
Նա առանձնահատուկ շեշտել է, որ խոր հարգանք է տածում Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարների հանդեպ և իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին համատեղ անցած ճանապարհի համար: