ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն արտահերթ ժողով է հրավիրել հիվանդանոցի անձնակազմի հետ և ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դավիդյանցը խորին շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ անձնակազմը COVID–19 համավարակի շրջանում։
Հիվանդանոցի ողջ անձնակազմը Մհեր Դավիդյանցին երախտագիտություն է հայտնում կատարած անգնահատելի աշխատանքի համար։
Հիշեցնենք` Մհեր Դավիդյանցը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։ Մինչ այդ նա աշխատել էր «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, եղել է նաև կենտրոնական զինվորական հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի պետ։