Դեբեդ գետի Լալվար վտակի ջրում մեծ քանակի սուլֆատ իոն ու մանգան է հայտնաբերվել

Խնդիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Դեբեդ գետի Լալվար վտակի ջուրը «վատ» որակի է. սա պետական մարմնի գնահատականն է։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը օգոստոսի 3-ին հսկողական մոնիթորինգ է իրականացրել Դեբեդ գետի Լալվար վտակի գետաբերանի հատվածում:

«Լալվար գետի ջրի որակը նշված հատվածում 5-րդ դասի է («վատ» որակ)` պայմանավորված սուլֆատ իոնով և մանգանով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարության փոխանցմամբ՝ խնդիրը գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է։ Ուսումնասիրությունները շարունակվում են։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իր հերթին տեղեկացնում է, որ իրականացված մոնիթորինգի շարժառիթը օգոստոսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանի հնչեցրած ահազանգն է եղել։ Վերջինս Facebook-ի իր էջում Դեբեդ գետ լցվող Լալվար վտակի աղտոտվածության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ. ՀԿԵ-ն մաքրել է Գորգոբա գետակի հունը

«Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում՝ Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը, որը դեղնավուն գույն ունի, ջրերին են խառնվում հին, լցրած հանքերի և պոչամբարների թափոնները»,- տեսանյութին կից գրել էր Դուրգարյանը։

Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Հավելենք, որ Լալվարի ջրի որակի ցուցանիշների կոնցենտրացիաների վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ բացի մեծ քանակի սուլֆատ իոնից ու մանգանից, ջրում հայտնաբերվել են նաև երկաթ, կախյալ նյութեր, ցինկ, պղինձ, կոբալտ, անագ, ընդհանուր լուծված աղեր։

Արփա գետում տանկի արկերի մարտագլխիկներ են հայտնաբերվել