Բեյրութի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի զոհ դարձած հայերի անունները հրապարակվել են։ Միայն երկուսի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի զոհ է դարձել 13 հայ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեր տեղեկություններով` 13 հայ է մահացել, սակայն կան նաև մահացածներ, որոնց ինքնությունը դեռ չի ճշտվել»,– ասաց նա։

Միաժամանակ «Արևելքը» հրապարակել է պայթյունի հետևանքով մահացած 11 հայերի անունները` Նիզար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան, Շանթ Հակոբյան և Ալիս Բալյան: Տեղեկություններ կան, որ պայթյունից տուժել են մոտ 250 հայեր։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 130 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը