Ռոբերտ Նազարյանը միակը չէ. հանձնաժողովի նախկին անդամներ էլ են ձերբակալվել

Հանձնաժողովի ընդունած որոշումների հետևանքով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ն հայաստանյան սպառողներին պատճառել է 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ի հարցով հարուցված քրեական գործով միակ ձերբակալվածը չէ։ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով՝ այս գործի շրջանակում ձերբակալվել են նաև նույն հանձնաժողովի նախկին 3 անդամները: ՀՔԾ-ն հրապարակել է նրանցից երկուսի անունները: Խոսքը, ըստ ՀՔԾ հաղորդագրության, Շիրազ Կիրակոսյանի և Մուշեղ Կոշեցյանի մասին է: ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։

Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում

Քննչական մարմնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նրա երեք ենթակաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 6-ին հայտնել էր, որ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հանձնաժողովը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին արտոնություններ էր տրամադրել` ավելացնելով փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված առավելագույն հզորությունը։

Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է

Արդյունքում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն հանձնաժողովը սահմանել է մինչև 30 ՄՎտ և իրականում խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 Մվտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն» ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում, և ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել։

ՀՔԾ–ն հաստատեց. Ռոբերտ Նազարյանին ձերբակալել են

Բացի այդ, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների պատճառով «Ձորագետ Հիդրոյի» արտադրած էլեկտրաէներգիայի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվել են կրկնակի բարձր սակագներ, որոնց հետևանքով «Ձորագետ Հիդրոն» ՀՀ-ի սպառողներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ–ի նախագահն է եղել 2003-2018 թվականներին։

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին