ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Հայկական «Superannotate» ստարտափը կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ապահովել։ Ուրախալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում արհեստական բանականությունն է, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
«Հետագա հաջողություններ եմ մաղթում «Superannotate» թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,- գրել է նա։
Ներդրումը ստացել են Սիլիկոնյան հովտում ՏՏ աշխարհում մեծ ճանաչում ունեցող վենչուրային կապիտալի ֆոնդերից։ Բայց առաջին հաղթանակը Հայաստանում էր՝ «Սևան Ստարտափ Սամմիթում»։ 2018 թվականին թիմը հաղթեց մրցույթում՝ ստանալով առաջին ներդրումը հայաստանյան վենչուրային ֆոնդից։
Մեկնարկում է «Վիրտուալ կամուրջը». Հայաստանն ու Սիլիկոնյան հովիտն ավելի են մոտենում
Արհեստական բանականության ոլորտում աշխատողների համար ստեղծված ալգորիթմը անոտացիայի գործընթացն արագացնում է մի քանի անգամ։
«Superannotate»-ի տեխնիկական և կառավարման հիմնական թիմն աշխատում է Հայաստանում, հիմա նաև ինժեներների կարիք ունեն, որոնց ևս այստեղ են փնտրում։ Հայաստանում հիմնված ընկերությունը նպատակ ունի դառնալու մրցունակ աշխարհում։
Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով ու նավթամթերքի շուկայով
Ավելի վաղ ընկերությունը հաղթահարեց ընտրական փուլն ու ընդգրկվեց համաշխարհային առաջատար ստարտափ-աքսելերատոր SkyDeck-ում։ Այն գործում է Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանին կից։