ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հայ հրեշտակ» և «վայրի գեղեցկուհի» ամերիկահայ թոփ–մոդել Ռուբինա Խանզադյանը կրկին հիացրել է օգտատերերին իր լուսանկարներով։ Instagram–ի arm_estetik էջը «հայ աղջիկ» և «հայ գեղեցկուհի» հեշթեգերով հրապարակել է հայկական ազգային տարազով Ռուբինիայի լուսանկարը։
Սև ու սպիտակ լուսանկարում աղջիկը պատկերված է երկարաթև թավշյա շապիկով և երկար կիսաշրջազգեստով։ Գլուխը զարդարված է ավանդական հանդերձանքով՝ ծաղկապատ ճակատազարդով և թափանցիկ քողով։
«Ռումբ է պարզապես», «շատ արտասովոր աղջիկ», «գեղեցիկ», «որքան է նրան սազում»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվեց նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` Harpers Bazaar–ի, քաթարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն է, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի Skims և KKW Beauty ապրանքանիշերի գովազդային վերջին արշավները։
Ռուբինա Խանզադյանը հայազգի առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին, բացի այդ՝ նա խորհրդային ժամանակների հայ հայտնի գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։
Աղջիկն ընտանիքով Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Այսօր ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնեց Rubina Dyan սեփական ապրանքանիշը։ Նա և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում ակտիվ զարգացնում է իր բիզնեսը։