ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի -Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եղել է զորամասերից մեկում։ ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հարությունյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը:
«Շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շրջայցի վերջում նախագահ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 18-ի լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի` հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք: