Լոռու 2 համայնքի ղեկավարները պայմանագրեր են կնքել ընտանիքի անդամների հետ ու շահույթ ստացել

Երկու համայնքների ղեկավարներն էլ որոշել են պաշտոնեական դիրքն օգտագործել ու լրացուցիչ շահույթ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Ջրաշեն և Ղուրսալ համայնքների ղեկավարների առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր և ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել

Մասնավորապես Ջրաշեն համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը։ Մինչև 2020թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, նա ստացել է ընդհանուր 14 000 000 դրամ շահույթ` վարձավճարի տեսքով։

Բացի այդ, համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որի արդյունքում մինչև 2020թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18 000 000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Ջրաշենի համայնքի ղեկավարի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով(պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

12 տարի շարունակ գրպանել է․ Գանձակի դպրոցներից մեկի նախկին տնօրենի դեմ քրգործ է հարուցվել

Նշենք, որ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի ղեկավարը նույնպես օգտվել է պաշտոնեական դիրքից և 2007թ. նոյեմբերի 20-ին իր կնոջ հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է վերջինիս։ Այնուհետև 2007թ. դեկտեմբերի 11-ին նույն հողամասից 200ք/մ մակերեսով հողակտոր տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. հունիսը ստացել է շուրջ 5.280.000 դրամ շահույթ` վարձավճարի տեսքով։

Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են