«Լիդիան» ընկերության և «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները կհանվե՞ն

Ջերմուկի քաղաքապետի խոսքով` երկու կողմերի հետ էլ պայմանավորվածություն են ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վաղն ամենայն հավանականությամբ «Լիդիան» ընկերության և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն։ Նրա խոսքով` խնդրի լուծումները քննարկվում են, կառավարություն տեղյակ է։

«Այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ մենք նամակ ենք գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ վագոն-տնակները տեղափոխեն, ճանապարհ չպետք է փակվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետը նշեց, որ Ամուլսարի 3 հենակետերում էլ այդ հարցը բարձրացվել է, այս պահին սպասում են «Լիդիան» ընկերության պատասխանին։

ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Հավելենք`արդեն երրորդ օրն է, որ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում։ Ցուցարարները պահանջում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացվեն տարածքից, ընկերության պահնորդական խումբը դուրս հանվի Ամուլսարի տարածքից և կառավարությունը հստակ որոշում կայացնի Ամուլսարի խնդրի վերաբերյալ։

Ամուլսարի խնդրով բերման ենթարկված քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն կստանան

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ տեղադրել, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը:

Վերջինները հայտարարություն էին տարածել` պահանջելով վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը և քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: