ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը ցույց է տվել, թե ինչ է կատարվել իր արվեստանոցում Բեյրութի կեսն ավերակների վերածած հզորագույն պայթյունից հետո։
Հրապարակված կադրերում ապակիների բեկորներ են, պատառոտված հագուստներ ու փչացած տեխնիկա։ Տաղանդավոր դիզայների նորաձևության տունը փլատակների է վերածվել։
«Վնասի ծավալները սարսափելի են։ Եվ սա այն ժամանակ, երբ Լիբանանի բնակիչները COVID-19-ի հետևանքով աննախադեպ ֆինանսական ճգնաժամի մեջ են։ Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, քանի որ կառավարությունը, ցավոք, անզոր է», - գրել է նա Instagram-ում։
Krikor Jabotian նորաձևության տունը երեկոյան ու հարսանյաց զգեստներ է ստեղծում, որոնք 18-ից 100 հազար դոլար են գնահատվում։ Դիզայներն իր աշխատանքներում հաճախ հայկական զարդանախշեր, ազգային երանգներ ու տառեր է օգտագործում։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 130 մարդ է մահացել, շուրջ 4 հազարը` տուժել:
Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Բեյրութում սուգ է հայտարարվել:
Բեյրութի պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի. հայտնի են նրանց անունները