ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ առողջապահության նախարարի նկատմամբ վարույթ է հարուցել։ Նախարարությունում, սակայն, շահերի իրական բախում չեն տեսնում։
«Շահերի բախումը թվացյալ է»,– Facebook–ում գրել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Դրա համար հիմք է հանդիսացել hetq.am կայքի հրապարակումն այն մասին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։
Նախարարի մամուլի քարտուղարը հայտնում է, որ Թորոսյանն ու նրա ընտանիքի անդամները հանձնաժողովի կողմից դիտարկվող ընկերության մասնակից չեն հանդիսանում և գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ:
«Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն դրա իրավունքը»,– գրել է Նիկողոսյանը` հավելելով, որ տվյալ կազմակերպությունում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է, ինչ նման ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար:
Այդուհանդերձ, նախարարի խոսնակը նշում է, որ Թորոսյանը կամ նրա ներկայացուցիչը քննարկվող հարցի վերաբերյալ իրենց փաստարկները կներկայացնեն հանձնաժողովում, եթե դրա կարիքը լինի:
Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան
Նշենք, որ ըստ hetq.am-ի հրապարակման` Արսեն Թորոսյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։
«Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց Արսեն Թորոսյանը, իսկ 2016թ–ին նա ընկերության կառավարումը հանձնել է կնոջը`Վարդանուշ Թևանյանին։
Թեմայի շրջանակներում մամուլում շրջանառվեց նաև այն հանգամանքը, որ եկամուտների հայտարարագրի համաձայն` 2019 թվականին Վարդանուշ Թևանյանը ընկերության գործունեությունից ստացել է 4 320 000 դրամ` վարձակալության դիմաց, և 19 763 417 դրամ աշխատավարձ։
Նաև անցյալ տարի 13 միլիոն դրամ արժողությամբ, 2015 թվականի թողարկման «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա է գնել։
Հայաստանի մարզերին ամենագնաց շտապօգնության մեքենաներ կբաշխվեն