«Հայոց ցեղասպանություն» տերմինն արգելելու համար ուկրաինացի պաշտոնյային կդատեն

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը վստահ է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը տարածել ամբողջ երկրում՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարի դեմ՝ «Հայոց ցեղասպանություն» տերմինն արգելելու համար: Տեղեկությունը հայտնում է Analitikaua.net-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարյա Վոլոդինային։

Փոխարտգործնախարարը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում):

«Ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, երբ այն միջազգային ասպարեզում բացասաբար է անդրադառնում պետության հեղինակության վրա»,- ասել է Վոլոդինան:

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: