Սարգսյանը ՍԴ չի դիմի. ստորագրված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել: Դրանք ստանալուց հետո նախագահի աշխատակազմը քննարկումներ է կազմակերպել Ազգային ժողովի, ոլորտի լիազոր մասնագետների հետ ու հանգել եզրակացության, որ դրանք սահմանադրականության խնդիր չունեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները, որոնք նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ և համապատասխան վերլուծություն ներկայացրել հանրապետության նախագահին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դրանց արդյունքում նախագահի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ներկայացված օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն, որի արդյունքում նախագահը ՍԴ չի դիմել և ստորագրել է օրենքները:

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

Նշենք, որ նախագահի աշխատակազմի ներկայացրած մեկնաբանության համաձայն` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորելու կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստելու տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

Իսկ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՛ գործարար միջավայրի, և՛ պետական, և՛ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:

Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն` տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:

Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց սկզբունքային անհամաձայնությունն էին հայտնել որոշ դրույթների ու ձևակերպումների, փաստաթուղթն այդ ձևով ընդունելու վերաբերյալ: