ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ

Լիբանանի մայրաքաղաք կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱն, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ` երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան

Լիբանանի մայրաքաղաք կհասնեն շրջիկ հոսպիտալներ, բժիշկներ և «Ցենտրոսպասի» փրկարար ջոկատներ։ Բացի այդ, Բեյրութ կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Բեյրութում առկա համաճարակային իրավիճակի համապատասխան հատուկ հանդերձանք և պաշտպանիչ միջոցներ կունենան և Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։ Վեցերորդի անունը դեռ հայտնի չէ։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: