«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։