Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ

Լուսանկարներում երևում է, թե հզոր պայթյունից հետո ինչ է կատարվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով վնասվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նշենք, որ պայթյունի հետևանքով քաղաքի կեսը տուժել է։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։