Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան

Հայ ժողովրդի մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են։ ՀՀ արտգործնախարարը ցնցվել է Բեյրութի պայթյունի լուրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցական խոսք է հղել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին։

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և դրա ավերիչ հետևանքների մասին սարսափելի լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են»,–գրել է Զոհրաբ Մնացականյանը։

Նրա համոզմամբ` Բեյրութի շքեղությունը միանշանակ կվերականգնվի։

​Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: