Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան

ՀՀ կառավարությունը Լիբանանի կառավարության հետ քննարկել են Լիբանանին օգնություն ցուցաբերելու հարցը: Հայաստանի օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը, Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Facebook-ում արված գրառմամբ լուրը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով»,- նշում է նա:

Գևորգյանը նաև նշում է, որ ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին:

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Oգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել