ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Լիբանանում Նիդեռլանդների դեսպանի կինը լուրջ վնասվածքներ է ստացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Reurters գործակալությունը ՝ հղում անելով Նիդեռլանդների ԱԳՆ-ին:
Դեսպանատան մամուլի ծառայության տվյալներով՝ նա հոսպիտալացվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում: Արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ վնասվածքներ են ստացել նաև դիվանագիտական առաքելության չորս աշխատակիցները: Պայթյունը վնասել է դեսպանության շենքը։
Հիշեցնենք` երեկ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստի շրջանում ՝ Լիբանանի Ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Պայթյունի ալիքից ավերվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել 2015 թվականին մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստում պահվող ամոնիումի սելիտրայի պայթյունը:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։ Երկրում սուգ է հայտարարված։ Լիբանանի մայրաքաղաքը հայտարարված է աղետի գոտի, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։