Բեյրութում գտնվող հայ խաղաղապահները պայթյունի վայրից հեռու են. Նաղդալյան

ՄԱԿ-ի «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությունը հայտարարել էր, որ Բեյրություն տեղի ունեցած պայթյունից խաղաղապահներ են տուժել: Լիբանանում ՀՀ դեսպանատան տվյալներով` նրանց մեջ հայկական զինուժի ներկայացուցիչներ չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: 

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան ևս կապ է հաստատել հայ խաղաղապահների հետ:

«Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- հայտնում է ԱԳՆ խոսնակը:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը:

Բեյրութում երեկ երեկոյան տեղի ունեցած պատահարից հետո առաքելությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ մի քանի խաղաղապահներ տուժել են ու բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել հիվանդանոցներ: Թե որ երկրի ԶՈՒ ներկայացուցիչներն են վնասվածքներ ստացել, հաղորդագրության մեջ չէր նշվում: 

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել