ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեյրութում տեղի ունեցածը «հրեշավոր հարձակում» է անվանել, հաղորդում է RT-ն:
Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել` ամերիկացի գեներալները կարծում են, որ Բեյրութի վրա հարձակում է տեղի ունեցել։
«Ես հանդիպել եմ մեր որոշ գեներալների հետ։ Նրանք էլ են այդպես կարծում։ Դա նման չի եղել արտադրական պայթյունի։ Նրանք կարծես թե մտածում են, որ դա հարձակում էր, ինչ-որ ռումբ», — ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով` ամերիկացի զինվորականները նման եզրակացության են հանգել` հաշվի առնելով պայթյունի բնույթը։
Նշենք, որ պայթյունի հետևանքով քաղաքի կեսը տուժել է։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:
Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։