ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Իզմիրի մարզում գտնվող Մոմո լողափը, որտեղ ենթադրաբար ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկին, փակել են 15 օրով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։
Ավելի վաղ մոդելն Instagram–ի իր էջում հայտնել էր, որ կիրակի Մոմո լողափի անվտանգության աշխատակիցները ծեծել են իրեն ու իր ընկերներին։ Լողափի ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ ծեծկռտուքը սկսվել է խմբի ներսում, իսկ անվտանգության աշխատակիցներն ընդամենը փորձել են բաժանել նրանց։ Գեղեցկուհին հերքել է այդ հայտարարությունը և նշել, որ լողափի ադմինիստրացիան չի ցանկանում ներկայացնել տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, իսկ դա նշանակում է, որ նրանք թաքցնելու բան ունեն։
Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը դատապարտել է այս միջադեպը և խոստացել պատժել մեղավորներին։ Լողափի ներկայացուցիչները հայտարարել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տարածքից դուրս, իրենց աշխատակիցները որևէ կապ չունեն դրա հետ։
Սակայն մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշել է 15 օրով փակել լողափը։ Նախարարությունը վստահեցրել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների հանգիստը խաղաղ ու անվտանգ լինի։
Ուկրաինայի ՆԳՆ–ն իր հերթին հույս է հայտնել, որ այս միջադեպի արդար և արագ հետաքննություն կիրականացվի, մեղավորներն էլ պատասխանատվության կենթարկվեն։
Ուկրաինացի հաղորդավարուհուն ծեծել են և փորձել բռնաբարել որդու աչքի առաջ
ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր Facebook–ի իր էջում հայտնել է, որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հանձնարությամբ հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանի տեղակալ Բուքեթ Կաբակջիի հետ և նրան փոխանցել Ուկրաինայի քաղաքացի Դարյա Կիրիլյուկին դաժան ծեծի ենթարկելու հետ կապված հաղորդումը։
Նշենք, որ 24 տարեկան Դարյա Կիրիլյուկը Green Vibes ապրանքանիշի համահիմնադիրն է։ Մոդելային կարիերան սկսել է 12 տարեկանից։ 18 տարեկանում ԱՄՆ է տեղափոխվել Ուկրաինայից։