ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։ Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի լինելը չէր կարող հիմք հանդիսանալ, որ նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվի։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։
Աբրահամյանի խոսքով` ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չեն ստացել Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները։
«Այս պահին դեռ չենք կարող ասել՝ արդյոք Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար, թե ոչ», - ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք` Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):
Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանը հետախուզման մեջ է։
Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։
Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել