Փաշինյանի խոսնակն արձագանքել է ադրբեջանական հաքերային հարձակման լուրին

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, ըստ որի` ադրբեջանական հաքերային հարձակման հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն։

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին»,– նշել է Գևորգյանը։

Նրա խոսքով` ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր Facebook-ում գրել էր. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։
Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբեռանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։

Մարտիրոսյանը, անդրադառանալով Մանե Գևորգյանի գրառմանը, Sputnik Արմենիային հայտնեց, որ ինքը գտնում է տեղեկությունը, իսկ պետությունը պետք է հաստատի կամ հերքի։ Նրա խոսքով` խնդիրն այն է, որ չկա միասնական տեղեկատվական հարթակ, որը նման տեղեկությունները կճշտի ու պատասխանատու կլինի կիբեռնանվտանգության մասով։

Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է