Դժվարությամբ կարելի է հավատալ, որ ավելի քան 300–ի հասնող կտավները, որոնք պահվում են սեփական տան սենյակներում, ինքնուս արվեստագետի աշխատանքներ են: Գյումրեցի Արթուր Գաբրիելյանը նկարչական կրթություն չի ստացել, բայց ինչ իրեն հիշում է, նկարում է:
Նկարել սկսել է, երբ դեռ 4 տարեկան էր: «Սկսել եմ գրչանկարից, հետո անցել յուղանկարի ու քանդակի, բայց ամեն դեպքում գրիչն ուրիշ է, որովհետև կամակոր է: Եթե յուղանկարում ինչ-որ թերություն կա, ապա շտկել հնարավոր է, իսկ գրչի յուրաքանչյուր շտրիխ վերջնական է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Արթուրը, որի համար կարևորը նկարին բնավորություն փոխանցելն է: Ասում է` հիմնականում նկարների հետևում իրական մարդիկ են, երբեմն շատերը կռահում են` ով է, երբեմն՝ ոչ:
47–ամյա Արթուրը մասնագիտությամբ խոհարար է, բայց և՛ թիկնապահ է աշխատել, և՛ փականագործ։ Նկարում է, երբ ազատ ժամանակ է ունենում։ Գրիչը ձեռքին է եղել նույնիսկ խրամատների մեջ՝ ծառայության ընթացքում` 1992-1994 թվականներին: Յուրօրինակ կտավներ է ստեղծում սրտի թելադրանքով։
Երբ զենքը գրիչն է. Յուրա Հարությունյանը գիտի ամենաբարդ մասնագիտություններից մեկի գաղտնիքը
«Կարող եմ շատ հանգիստ վերջին շտրիխը չավարտած անցնել այլ նկարի, կարող եմ գրիչով նկար սկսել, իսկ հետո նույն մտքերը յուղաներկով արտահայտել: Եթե մտքումս մի բան ծնվեց, ապա ժամն ու պատարագը կապ չունի, անմիջապես պետք է դա կտավին հանձնեմ: Ոճային նախընտրություն էլ չունեմ՝ ռեալիզմից մինչև սյուրռեալիզ»,- պատմում է Արթուրը և ավելացնում՝ մտքում ծնված պատկերը թղթին հանձնելուց առաջ հայտնվում է աչքի առաջ։
Դա է պատճառը, որ ձեռքի տակ սովորական գունավոր գրիչներն ու նոթատետրերը շատ են, իսկ տրամադրությանը համահունչ երաժշտությունը՝ պարտադիր այդ պահին:
Ինքնուս նկարչի գործերը ոմանք նմանեցնում են Դալիի ստեղծագործություններին, բայց Արթուրն ինքը ասում է` այդպես չէ, սիրում է Դալիի գործերը, բայց նրա երկրպագուն չէ։
Խարիզմատիկ բնավորությունը դեռ դպրոցական տարիներից է՝ լավ է սովորել, բայց կռվարար լինելու պատճառով 4 դպրոց է փոխել: Կինը` Ֆենյան, զարմանում է` նման անհանգիստ բնավորություն ունեցող մարդը ինչպես կարող է ժամերով գրչանկար անել: «Գործերի մեջ պերֆեկցիոնիստ է»,– վստահեցնում է նա:
Արթուրը գրչանկարներ է անում առանց նախնական գծանկարի: Ստեղծագործությունները նվիրում է, բայց միշտ շատ դժվարությամբ է բաժանվում։ Եթե ինչ–որ մեկին էլ նվեր է տալիս, ապա անպայման դրա փոխարեն իր համար ևս մեկն է նկարում:
Այս պահին Արթուրը 6-7 կիսատ յուղանկար ունի տանը, սակայն այս պահին անընդհատ գրչով է նկարում:
Գյումրեցի տղամարդը բոլորովին էլ դեմ չէ, որ իր ստեղծագործությունները վաճառվեն, բայց նաև շեշտում է` խանդով է վերաբերվում յուրաքանչյուր կտավին, այնպես որ գրիչով նկարելը նրա համար ավելի շատ ինքնարտահայտման ձև է։