ՌԱԴԻՈ

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Sputnik
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները բողոքի ակցիաներ են անցկացնում Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, ինչպես նաև ահազանգում են նաև հատված ծառերի մասին։