Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի խոսքով`կան բազմաթիվ վիրավորներ և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բեյրութում որոտացած պայթյունը հայկական թաղամասին բավականին մոտ է եղել։

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

«Կարող ենք ասել, որ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասին մոտ`վնասները շատ մեծ են։ Զոհերի մասով տեղեկություն չկա»,–ասաց նա։

Օհանյանի խոսքով`շատ վիրավորներ կան, հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

«Տեղեկությունն ամբողջական կլինի մի քանի ժամվա ընթացքում, առայժմ այսքանը։ Դեռ վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին, խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ սպասել»,– նշեց նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր ուժգին պայթյուն է որոտացել։

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։