Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Անգիր սովորել աշխարհի 147 երկրների մայրաքաղաքները, մեջբերումներ անել մեծագույն բանաստեղծներից, երգել Հայաստանի Հանրապետության հիմնը և գլուխ հանել արեգակնային համակարգի մոլորակներից։ Այս ամենը հեշտ առաջադրանք չէ անգամ հասուն մարդու համար, բայց երեքամյա երևանցի Սամվելի համար պարզապես գրավիչ խաղ է և աշխարհը ճանաչելու եղանակ։
Մի քանի օր առաջ Սամվելը ներառվել է «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում։ Սամվելը ֆենոմենալ հիշողություն ունի, բայց գրքում նա հայտնվել է երեք տարեկանում աշխարհի 147 երկրի մայրաքաղաքներն իմանալու համար։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Վարդան Թովմասյանը նշեց, որ Սամվելն իրեն լրջորեն զարմացրել է։ Հարցին, թե ինչով է պայմանավորված տղայի ֆենոմենը, Թովմասյանը կարճ պատասխանեց․ «Հայկական գենն է»։
Զարմացրեց երկու տարեկանում
Սամվելը ծնվել է 2016թ․-ի սեպտեմբերի 21-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Հայրը՝ Սերոբ Ավագյանը, աշխատում է ոստիկանության նվագախմբում, զուգահեռ նաև դհոլի դասեր է տալիս երաժշտական դպրոցում։ Մայրը՝ Ռոզա Վարդանյանը, եկեղեցու երգչախմբի մենակատար է, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի աշխատակից։
Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...
Ընտանիքը մեծ է, բայց Ռոզան հասցնում է թե՛ աշխատել, թե՛ երեխաներով զբաղվել։ Սամվելն ավագ քույր ունի՝ Կամիլլան։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վարդանյանը պատմեց, որ առաջին անգամ որդին ֆենոմենալ հիշողությամբ զարմացրել է երկու տարեկանում։
Մի անգամ Ռոզան որոշել է դստերը՝ Կամիլլային, սովորեցնել «Հայր մեր» աղոթքը և Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Մի քանի ամիս անց Ռոզան որոշել է ավագ դստերը սովորեցնել երկրների անվանումները, մայրաքաղաքներն ու դրոշները։ Որպեսզի փոքրիկ Սամվելը չխանգարի դասին, Ռոզան դստեր հետ փակվում էր սենյակում։ Բայց Սամվելը լալիս էր և ուզում էր պարապմունքին ներկա լինել, մի անգամ էլ համառորեն 30 րոպե կանգնեց դռան մոտ։
Պարզվեց, որ այդ ընթացքում փոքրիկը, ականջ դնելով, սովորել է երկրների և մայրաքաղաքների անվանումները։
Այդ ժամանակ Ռոզան որոշեց պարապմունքներին ներգրավել նաև որդուն։ Արդյունքում երեք տարեկան Սամվելը հիմա գիտի արեգակնային համակարգի մոլորակները, բազմաթիվ բանաստեղծություններ և աշխարհի 147 երկրների մայրաքաղաքները։
Շփվող և ինքնուրույն
Ռոզան իր որդուն բնութագրում է իբրև շփվող, առանց բարդույթների հանգիստ տղայի, որը կարող է զրույցի բռնվել ցանկացած մարդու հետ։
Ծնողներից փոխանցված երաժշտական ընդունակությունները նույնպես Սամվելի մոտ բավական զարգացած են։ Երկու տարեկանից հիանալի պարում է։ Առհասարակ, տղան հետաքրքրվում է ամեն ինչով, ձգտում է միշտ հասնել նպատակին և իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ։
«Բավականին աշխատասեր է։ Մենք նրան վերաբերվում ենք ոչ իբրև փոքրիկ բալիկի, այլ իբրև հասուն մարդու, որի հետ կարելի է զրուցել, մտքեր փոխանակել»,-պատմեց Վարդանյանը։
Մանակապարտեզում նույնպես իրեն մեծի նման է պահում․ հեշտ հարմարվեց, ինքնուրույն ուտում է, հագնվում, կոշիկները հագնում։ Բացի այդ, սիրում է զբոսնել, նկարում է, հայրենասիրական երգեր է լսում, հայկական ֆիլեր ու մուլտֆիլմեր է դիտում։
Նոր ռեկորդ Էջմիածնում. դյուցազնը յոթ տարեկան է
Միշտ հավաքում է իր թափածը, սիրում է կենդանիներին, հայրենասեր է։ Այս վերջինը ժառանգել է Արցախյան պատերազմի հերոս պապից։