Փոփոխություններ կլինեն. շրջակա միջավայրի նոր նախարարը մեկ բան է պահանջելու աշխատակիցներից

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարությունում շատ անելիք և նոր կադրերի կարիք կա, շուտով տարբեր թափուր հաստիքների մրցույթներ են կազմակերպվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային երկուշաբթին մեկնարկել է նախարարությունում գործակարգավարական խորհրդակցությամբ։ Facebook-ում նա կարճ ներկայացրել է, թե ինչ է քննարկվել խորհրդակցության ժամանակ։

Պետրոսյանը խոստացել է, որ իր գալով կադրային ջարդ նախարարությունում տեղի չի ունենա, սակայն փոփոխություններ կլինեն։ Ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են նախարարության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, որն իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը», - գրել է նախարարը։

Պետրոսյանը նշում է՝ նախարարությունում բավականին շատ անելիք կա։ Շրջակա միջավայրի նախարարության հին և նոր աշխատակիցներից նա պահանջելու է մեկ բան՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։

Նախարարը նաև հանձնարարականներ է տվել վարչությունների ղեկավարներին, ինչպես նաև առանձնակի շեշտել աշխատակիցների՝ աշխատասենյակներից դուրս՝ բնության գրկում, աշխատաժամերի անցկացման հնարավորությունը, քանի որ շրջակա միջավայրի նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է տեղում ծանոթանա բոլոր խնդիրներին։

Ռոմանոս Պետրոսյանը 2018-ի «թավշա հեղափոխությունից» հետո ստանձնել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նա փոխարինում է Էրիկ Գրիգորյանին։

Ոլորտում մի շարք խնդիրներ կան. Փաշինյանն աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին