ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր ներկայացուցիչների կողմից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որն իրականացնում է գործի նախաքննությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25.000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․ 000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն»,–գրել է Թաթոյանը։
Դեպքի առնչությամբ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:
Թաթոյանը շեշտել է, որ անօթևանների ժամանակավոր կացարանում շահառուների իրավունքների վիճակը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կացարան կատարած այցի արդյունքում արձանագրված խնդիրները և լուծումների առաջարկներն ամփոփվել էին և ուղարկվել ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինություն։
Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել
Հիշեցնենք`Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ համավարակի ընթացքում անօթևանները տեղափոխվել էին հենց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ֆոնդի ապաստարան։ Քանի որ այնտեղ արդեն իսկ 100 անտուն մարդ կար, որոնք կարանտինի մեջ էին, որոշվել էր շենքի երկրորդ հարկը վերանորոգել, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փակված ապաստարաններից մահճակալները այնտեղ էր տեղափոխել։ Նոր հարկում 150 մարդ կարող էր տեղավորվել։
Տուն-ինտերնատի ղեկավարությունը ծերերի ու անօթևանների հաշվին «բիզնես» է արել