Մեկնարկում է «Վիրտուալ կամուրջը». Հայաստանն ու Սիլիկոնյան հովիտն ավելի են մոտենում

Այս ծրագրով Հայաստանը կապվում է աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Մեկնարկում է կառավարության հավանությանն արժանացած «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը»։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախագիծը բնութագրելով «ամենամասշտաբային»։

Աշխարհում գործընթացները դանդաղել են, բայց ԱՄՆ–ին դեռ հետաքրքրում է Հայաստանը

«ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ բացման արարողությունը իրականացնելու ենք առցանց և հյուրերի թվում են տեխնոլոգիական ոլորտի հայազգի մեր սիրելի աշխարհահռչակ գործընկերները»,- գրել է նախարարն ու հետաքրքրվողներին հրավիրել հետևել ուղիղ եթերին, որը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին նախարարի Facebook-յան պաշտոնական էջում:

Նշենք, որ խոսնակների թվում են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը, Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը և այլք։

Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով ու նավթամթերքի շուկայով

Հիշեցնենք՝ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն այս տարվա մարտին հավանության է արժանացել կառավարության կողմից։ Ծրագրի նպատակն է Հայաստանը կապել աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը։ Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանը դարձնելու տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների հետ, վերապատրաստման դասընթացներ անցնել Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ Դրեյփերի համալսարանում: