ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Տավուշում վերացվում են ադրբեջանական վերջին հրետակոծության հետևանքները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ակտիվորեն ընթանում են սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները։ Միաժամանակ սկսվել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատումը։
Մարզպետը տեղեկացրել է, որ երեկ այցելել էր հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Իր այցից մարզպետը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընթանում վերանորոգման և վերականգնման աշխատանքները։
«Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:
Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։