Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

Արցախի նախագահն անդրադարձել է Իլհամ Ալիևի արած հայտարարություններին` ասելով, որ պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի հետ քաղաքական ու շանտաժի հռետորաբանությամբ խոսելը հղի է անդառնալի հետևանքներով։ Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի մասին հայտարարություններին։

Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելուն. Մնացականյան

Ալիևը երեկ հայտարարել էր, թե Արցախի հետ բանակցություններ վարել հնարավոր չէ, քանի որ, ըստ նրա, ԼՂ Հանրապետություն գոյություն չունի։ Նա ասել էր` եթե Հայաստանը խիզախություն ունի, թող ինքն էլ ճանաչի Արցախի Հանրապետությունը։

«Արցախի պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանել մեր երկրի տարածքային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին։ Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից»,–ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Ալիևի հայտարարությանը կարելի էր և չարձագանքել, բայց պետք է ևս մեկ անգամ վերահաստատել այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

Հարությունյանն ասում է, որ կասկածի տակ չպետք է դրվեն հայկական կողմի այն քայլերը, որոնց սկիզբ է դրվել 1988-ից։ Արցախի նախագահը վստահեցնում է` սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնարին է փոփոխել, իսկ փոփոխվելու պարագայում այն ավելի կընդարձակվի։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել. Ալիևը բարձր էր գնահատել Թուրքիայի աջակցությունը Հայաստանի հարցով։