Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառն այսուհետ կգործի «Հրազդանի» տարածքում

Տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիները համաձայնել են տեղափոխվել այլ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում ավելի քան 10 տարի ոչ աշխատանքային օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կշարունակի աշխատել «Հրազդան» մարզադաշտին կից նախկին տոնավաճառի տարածքում: 168.am-ի հետ զրույցում գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը հայտնել է, որ մի քանի շաբաթ տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիների ու Արաբկիրի թաղապետարանի և կառավարության միջև ընթացող բանակցություններն ու վեճերը, կարելի է ասել, հանգուցալուծում են ստացել:

Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառում օրական 70–80 տոննա գյուղմթերք է վաճառվում

«Հրազդան ստադիոնի կողքն են առաջարկել, որ մյուս շաբաթվանից գնանք այնտեղ։ Հիմա այդ քննարկումներն են գնում, և մենք էլ տարածքը տեսանք։ Հիմա պայմաններին ենք ծանոթանում, որ վաղը նորից խնդիր չառաջանա և վաղն էլ ասեն, թե այդտեղ մի կանգնեք»,–ասել է Բաղդասարյանը։

Նա հույս է հայտնել, որ գոնե մյուս շաբաթվանից կկարողանան անցնել իրենց գործին։

Հիշեցնենք` քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետը 2020 թվականին ավարտվել է։

Քաղաքապետարանը թույլտվության ժամկետը չի երկարացրել` իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկելով տեղափոխվել կա՛մ Կոմիտասի ծածկած շուկա, կա՛մ «Հրազդան» մարզադաշտի տարածքում բացվող նոր տոնավաճառ։ Բայց վաճառողներն այս առաջարկը չէին ընդունում։

«Քրջի շուկան» կտեղափոխվի. քաղաքապետարանը հնավաճառներին հորդորում է գալ օրինական դաշտ

Նրանք երկու օր առաջ` օգոստոսի 30–ին, կառավարության առջև հավաքվել և բողոքի ակցիա էին անում։ 

Գյուղմթերքի տոնավաճառը Կոմիտասի և Կասյան փողոցների հատման կետում` Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակում, բացվել էր 2011–ին և 9 տարի շարունակ գործել ամեն շաբաթ և կիրակի օրերին։