Անհատական վերաբերմունք յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ․ պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի այսօր ստորագրած որոշումներով արտակարգ դրության պարտադիր պահանջների մեջ փոփոխություն է կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տնտեսավարողների համար նոր որոշումներ է կայացրել։ Ինչպես հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, այսօր ստորագրված որոշմամբ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր, որ յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը։ Այն այլևս պարտադիր պահանջ չի համարվում:

Ի՞նչ «հետք» է թողել կորոնավիրուսը ՀՀ–ում. հուլիսի վիճակագրություն

Համաձայն փոփոխության՝ ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։